հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փհենյանը հաջողությամբ փորձարկել է սուզանավից արձակված թևավոր հրթիռները

Փհենյանը հաջողությամբ փորձարկել է սուզանավից արձակված թևավոր հրթիռները

ԿԺԴՀ-ն հունվարի 28-ին անցկացրել է սուզանավից «Պուլհվասալ-3-31» ռազմավարական թևավոր հրթիռի փորձարկում, հայտնում է Ինտերֆաքս-ը:

Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդել է. «Թևավոր հրթիռները 7421 և 7445 վայրկյան թռել-անցել են Կորեական Արևելյան ծովի վրայով (խմբ․՝ Ճապոնական ծով) և կղզում ճշգրիտ խոցել թիրախը»:

Բացի այդ՝ նշվում է նաև, որ փորձնական արձակումը «ոչ մի կերպ չի ազդել շրջակա երկրների անվտանգության վրա և տեղի է ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակից միանգամայն անկախ»։

Ընդգծվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը ղեկավարել է արձակումը, «մեծ գոհունակություն է հայտնել փորձարկման արդյունքից»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է հաջող փորձարկումների ռազմավարական կարևորությունը «հզոր ռազմածովային ուժեր ստեղծելու համար»։

Հունվարի 28-ին Yonhap գործակալությունը, հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին, հաղորդել էր, որ Փհենյանը մի քանի թևավոր հրթիռ է արձակել։

Ավելի վաղ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ «Պուլհվասալ-3-31» նոր ռազմավարական թևավոր հրթիռի առաջին փորձարկումն անցկացվել է հունվարի 24-ին։

  • Կիսվել: