հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետք է նոր էջ բացենք երկու երկրների հարաբերություններում. ԻԻՀ ԱԳՆ խոսնակը՝ Իրանի ու Ադրբեջանի մասին

Պետք է նոր էջ բացենք երկու երկրների հարաբերություններում. ԻԻՀ ԱԳՆ խոսնակը՝ Իրանի ու Ադրբեջանի մասին

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին զարգացումներին, տեղեկացնում է IRNA-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացել է հեռախոսազրույցի երեք փուլ։ Մենք տեսնում ենք, որ երկու երկրի միջև լրատվամիջոցների մթնոլորտը հանդարտվել է, ինչպես նաև ականատես եղանք համապատասխան պաշտոնյաների միջև երկխոսության գործնական քայլերի՝ թյուրիմացությունները հարթելու և երկու երկրի հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու նպատակով՛՛:

Քանանին նաև խոսել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների վերաբերյալ՝ ասելով, որ, բարեբախտաբար, առևտրային համագործակցության միտումը, չնայած վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի միջև քաղաքական հարաբերությունների ճանապարհին եղած խնդիրներին, դեռևս աճում է։

՛՛Որպես Իսլամական Հանրապետություն՝ մենք շեշտում ենք, որ պետք է նոր էջ բացենք երկու երկրների հարաբերություններում։ Կարծում եմ, որ լարվածության ստեղծումը խաթարում է երկկողմ հարաբերությունները և ծառայում է այն կողմերի շահերին, որոնք միշտ սեփական շահն են փնտրում` հարևանների միջև անջրպետ ու լարվածություն ստեղծելով՛՛,-նշել է նա։

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև ջրի խնդրին է անդրադարձել: Նրա խոսքով՝ Իրաքի, Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ բանակցություններում ջրի հարցը քննարկվող կարևորագույն թեմաներից է։ ՛՛Ջրի հարցում մենք երկկողմանի խնդիրներ ունենք որոշ երկրների հետ, որոնք պետք է քննարկենք ու ընդհանուր լուծման հասնենք՛՛,-նշել է Քանանին։

  • Կիսվել: