ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը զուգակցել Տրանսկասպյան երթուղու հետ. Տոկաև

Պետք է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը զուգակցել Տրանսկասպյան երթուղու հետ. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համարում է, որ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու հետ համատեղ պետք է զարգացնել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը։

«Մենք ողջունում ենք Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ուղղությամբ միջանցքներ ձևավորելու Ռուսաստանի Դաշնության մտադրությունը։ Կարծում եմ, որ հասունացել է այն ընկալումը, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը պետք է զարգանա Տրանսկասպյան երթուղու հետ», - ասել է Տոկաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն ընթանում է Մոսկվայում։

Տոկաևը նշել է, որ Ղազախստանը ԵԱՏՄ–ի հուսալի լոգիստիկ հանգույց կծառայի՝ գործի դնելով իր բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները։
«Որպես առարկայական նախաձեռնություն առաջարկում ենք Չելյաբինսկ-Բոլաշակ-Իրան երկաթուղային մայրուղով արագընթաց բեռնատար գնացքներ գործարկել», - ավելացրել է նա:
Տոկաևի խոսքով՝ հետագա ինտեգրացիոն զարգացման ևս մեկ կարևոր ուղղություն կարող է դառնալ նոր միջազգային տրանսպորտային զարկերակների ստեղծումը:
 
«Վստահ եմ, որ մեր տնտեսական միությունն ի վերջո կապող օղակ կդառնա Եվրոպայի ու Ասիայի, գլոբալ Հարավի և Հյուսիսի միջև», - ընդգծել է Ղազախստանի ղեկավարը:
Նա առաջարկել է նաև դիտարկել Իրանի և Թուրքմենստանի ծովային և ցամաքային նավահանգիստներում ենթակառուցվածքների կառուցման համատեղ ներդրումների հնարավորությունը: Ղազախստանի նախագանը նշել է, որ դա զգալիորեն կընդլայնի ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման աշխարհագրությունը, կամրապնդի լոգիստիկ հնարավորությունները։
 
Ֆիզիկական ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ, Տոկաևի կարծիքով, չափազանց կարևոր է առարկայական լուծումներ մշակել ապրանքների տարանցման ընդհանուր թվային համակարգի ստեղծման համար։
«Այն պետք է լինի հուսալի, բայց հեշտ օգտագործման համար և հիմնված լինի առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա», - կարծում է նա:
 
Տոկաևի կարծիքով՝ պետք է լուծվեն նաև էլեկտրոնային կապարակնիքների օգտագործման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման երաշխիքային համակարգի, ինչպես նաև «E-պատուհանների» համակարգի զարգացման հարցերը:

  • Կիսվել: