երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուի ավիավթարի հետաքննության արդյունքներին

Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուի ավիավթարի հետաքննության արդյունքներին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուի ավիավթարի հետաքննության պաշտոնական արդյունքներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Պեսկովը հիշեցրել է, որ Մոսկվան արդեն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին:
 
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ, ըստ «առաջնային նշանների», Բաքու–Գրոզնի չվերթը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից: Նա, սակայն, ոչ մի ապացույց չէր ներկայացրել:
 
«Մենք տեսել ենք այդ հայտարարությունները։ Տվյալ դեպքում ես ուզում եմ հիշեցնել «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովի երեկվա հայտարարությունը, որն ընդգծել է, որ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի Ղազախստանին և Ադրբեջանին: Այդ պատրաստակամությունը հայտարարվել է, և մենք սպասում ենք հետաքննության արդյունքներին»,-մեկնաբանել է Պեսկովը և հավելել, որ Կրեմլը տեղին չի համարում իրավիճակը նախագահի վարչակազմի անունից մեկնաբանելը:
 
«Տվյալ դեպքում խնդրում եմ կողմնորոշվել Յադրովի հայտարարություններով»,-ընդգծել է նա:
 
Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ի առավոտյան։ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի չվերթ էր իրականացնում, վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմուտքում՝ Ակտաու քաղաքից ոչ հեռու: «Ռոսավիացիայի» տվյալներով՝ թռչունների հետ բախումից հետո անձնակազմի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Ակտաուի պահեստային օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։

  • Կիսվել: