կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պերուի վարչապետը հրաժարական է տվել իր շուրջ ստեղծված սկանդալի պատճառով

Պերուի վարչապետը հրաժարական է տվել իր շուրջ ստեղծված սկանդալի պատճառով

Պերուի նախարարների խորհրդի նախագահ Ալբերտո Օտարոլան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը նրա դեմ նախաքննություն է սկսել հովանավորչության կասկածանքով։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Այսօր հանրապետության նախագահի հետ զրույցի ընթացքում ես նրան հայտնեցի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տալու` իմ որոշման մասին», - ասել է Օտարոլան մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ինքն այս որոշումը կայացրել է, որպեսզի պետության ղեկավար Դինա Բոլուարտեն կարողանա վերաբաշխումներ իրականացնել կառավարությունում։ Օտարոլան նաև կրկին հայտարարել է իր անմեղության մասին։

«Չեն եղել որևէ խախտումներ աշխատանքի ընդունելիս, որևէ նախահամաձայնություններ կամ հովանավորչություն»,- ասել նա։

Մարտի 4-ին Պերուի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ կատարում է Օտարոլայի ծանոթ Յասիրե Վասկեսին Պաշտպանության նախարարությունում աշխատանքի ընդունելիս հնարավոր խախտումների շուրջ հետաքննություն: Պաշտոնաթողություն խնդրած վարչապետին կասկածում են «անօրինական հովանավորչության մեջ»:

Ավելի վաղ Panamericana Televisión հեռուստաալիքի եթերում հրապարակվել էր Օտարոլայի և Վասկեսի զրույցի ձայնագրությունը, որից հետևում էր նրանց միջև ռոմանտիկ բնույթի կապի առկայությունը:

  • Կիսվել: