կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
13 զոհ. Պերուում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել

13 զոհ. Պերուում զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվել

Պերուում Aerodiana ավիաընկերությանը պատկանող Cessna 208B Grand Caravan թեթև ինքնաթիռը, որը զբոսաշրջային թռիչք էր կատարում Նասկայի գծերի վրայով, կործանվել է, ինչի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 13 մարդիկ: Այս մասին տեղեկացնում է RTT-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին Նասկա նահանգի Պուեբլո-Վիեխո շրջանում։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Պիսկո օդանավակայանից մեկնելուց մոտ մեկ ժամ անց օդաչուն հայտարարել է արտակարգ իրավիճակ, որից հետո կապը օդանավի հետ կորել է։

Զոհվածների թվում են 11 օտարերկրյա զբոսաշրջիկներ՝ Իտալիայի յոթ քաղաքացի, Գերմանիայի երկու քաղաքացի և Իսպանիայի երկու քաղաքացի։ Մյուս երկու զոհերն են եղել օդաչուն և անձնակազմի երկրորդ անդամը՝ Պերուի քաղաքացիներ։

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են գյուղատնտեսական հողամասում՝ Նասկա քաղաքից հարավ գտնվող Պանամերիկյան մայրուղուց մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Հարվածից հետո օդանավը ամբողջությամբ այրվել է, փրկարարները ողջ մնացածների չեն հայտնաբերել։

Հաղորդվում է նաև, որ աղետի վայրում աշխատում են ոստիկանությունը, դատախազությունը, դատաբժշկական փորձագետները և քրեագետները։ Քննիչները առգրավում են ապացույցներ, ինչպես նաև ստուգում են Aerodiana ավիաընկերության փաստաթղթերը, այդ թվում՝ թռիչքի պլանը և ուղևորների ցուցակը։ Զոհվածների մարմինները տեղափոխվել են դատաբժշկական կենտրոն՝ պաշտոնական նույնականացման և անհրաժեշտ փորձաքննությունների անցկացման համար։

  • Կիսվել: