երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի միլիարդատերը բողոքել է, որ ստիպված կլինի անձամբ մաքրել իր տունը

Պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի միլիարդատերը բողոքել է, որ ստիպված կլինի անձամբ մաքրել իր տունը

Ռուսաստանցի գործարար և միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանը պատժամիջոցների սահմանումից և հաշիվների արգելափակումից հետո հայտնվել է «գերության» մեջ և չի կարող լքել Լոնդոնը՝ այլ տուն գտնելու համար, գրում է business-gazeta.ru-ն։ 

Մեծ Բրիտանիան գործարարի դեմ պատժամիջոցներ է սահմանել մարտի 15-ին, նույն օրը սառեցվել են նրա հաշիվներն ու բանկային քարտերը։ Մինչ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ գործողության մեկնարկը Ֆրիդմանի կարողությունը կազմում էր մոտ 14 մլրդ դոլար, իսկ այժմ այն նվազել է մինչև 10 մլրդ դոլար։

Միաժամանակ նա բողոքել է, որ «գործնականում կանխիկ չունեցող օլիգարխի տարօրինակ վիճակում է»։ Ֆրիդմանն ասել է, որ այժմ գումար ծախսելու համար պետք է դիմի արտոնագրի համար, և բրիտանական կառավարությունը կորոշի, թե արդյոք նրա խնդրանքը «ողջամիտ է»: Եթե այո, ապա գործարարը կստանա մոտավորապես 2500 ֆունտ ստեռլինգ ամսական նպաստ:

Միևնույն ժամանակ, Ֆրիդմանը դեռ փորձում է պարզել, թե ինչպես վճարել նույնիսկ փոքր ծախսերի, օրինակ՝ հավաքարարուհու աշխատանքի համար։

«Միգուցե ինքս սկսեմ տունը մաքրել։ Ուսանող եղած ժամանակ ապրում էի հանրակացարանի փոքրիկ սենյակում ևս չորս տղամարդու հետ: Բայց 35 տարի անց սա անսպասելի է»,- ասել է միլիարդատերը:

Օլիգարխն ունի իսրայելական անձնագիր, սակայն չի կարող տեղափոխվել այլ երկիր՝ ֆինանսական միջոցներով խիստ սահմանափակ լինելու պատճառով՝ նա չունի տուն և այն գնելու հնարավորություն։

«Ես այստեղ գերի եմ։ Ես չգիտեմ, թե ինչպես ապրել: Ես չգիտեմ, իսկապես չգիտեմ»,- ասել է Ֆրիդմանը:

  • Կիսվել: