Պաշտպանական ծախսերն ավելացնելու նպատակով Լեհաստանի կառավարությունը ցանկանում է փոխել սահմանադրությունը
Լեհաստանի կառավարությունը ցանկանում է փոխել սահմանադրությունը՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու եւ ռուս գործարարների ունեցվածքը բռնագրավելու նպատակով։ Այս մասին հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Պետեր Մյուլերը, հաղորդում է Reuters-ը։
Հայրենիքի պաշտպանության մասին օրենքը, որն ընդունվել է այս ամիս, նախատեսում է, որ Լեհաստանի պաշտպանական ծախսերը կավելանան մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչը կարող է հանգեցնել սահմանադրությամբ ամրագրված բյուջետային շեմերի ավելացման։
«Լեհական բանակը պետք է անհապաղ համալրվի ամենաբարձր չափանիշներով, ուստի սահմանադրության առաջարկվող փոփոխություններից մեկը կլինի բանակի եւ սպառազինության ծախսերը պետական պարտքի շեմից բացառելը»,- ասել է Մյուլերը:
Նրա խոսքով՝ երկրորդ հարցը, որը պահանջում է սահմանադրական փոփոխություններ, ռուս գործարարների եւ ընկերությունների ակտիվների բռնագրավման հնարավորությունն է։ Մյուլերի խոսքով՝ միջոցները կարող են ծախսվել մարդասիրական օգնության վրա։
Կառավարությունը ցանկանում է նաեւ լրացուցիչ հարկեր սահմանել այն ընկերությունների համար, որոնք շարունակում են իրենց գործունեությունը Ռուսաստանում։