Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակը նվազագույն փոփոխություններ կբերի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում. Կալաշնիկով
Նիկոլ Փաշինյանի հաղթանակն արտահերթ խորհրդարանական ընտրություններում նվազագույն փոփոխություններ կբերի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կընդունի ընտրությունների արդյունքները:
«Փաշինյանի կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա կազդի նվազագույն կերպով, քանի որ այդ հարաբերություններն արդեն փորձված են և ամրագրված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Կալաշնիկովը:
Նրա կարծիքով` «որևէ փոփոխություն ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության հարցով, խորհրդարանի նոր կազմի ձևավորմամբ չի լինի»:
Կալաշնիկովը կարծում է, որ «եթե խորհրդարանական մեծամասնություն ստանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, դա հավելյալ տուրբուլենտություն կստեղծեր` չնայած որ նա մեր հին, նոր գործընկերն է»: