Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցույցի ժամանակ․ ձերբակալվել է 217 անձ
Փարիզի Կոնկորդի հրապարակում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ։
Հինգշաբթի օրը կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները հավաքվել էին Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար օրենքի նախագծի քվեարկությունը, որը, ի վերջո, չկայացավ վարչապետի որոշման պատճառով։
Ավելի ուշ ցուցարարները տեղափոխվել են Կոնկորդի հրապարակ, որտեղից ոչ հեռու գտնվում է Ելիսեյան պալատը։
Ակցիան խաղաղ է անցել, սակայն արդեն երեկոյան ցուցարարները սկսել են պատնեշներ կառուցել, այնուհետև այրել դրանք։ Բացի այդ, նրանք սկսել են քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Անկարգությունների մասնակից 217 անձի է ձերբակալվել, որոնց մեղադրում են ջարդարարության և հրկիզումների համար։
Լրատվամիջոցները գրում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում երեկ հավաքվել էր 6 հազար մարդ։