հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փարիզում Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին Հավերժական կրակի բորբոքման արարողություն է տեղի ունեցել

Փարիզում Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին Հավերժական կրակի բորբոքման արարողություն է տեղի ունեցել

Փարիզի Հաղթանակի կամարի Հավերժական կրակի բորբոքման արարողություն է տեղի ունեցել ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի:  Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:

Ըստ հաղորդագրության՝ ապրիլի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) և Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության (ANACRA) ղեկավարության գլխավորությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանի, Սենատի նախագահին ներկայացնող «Ցենտրիստական միություն» խմբի նախագահ Էրվե Մարսելի, խորհրդարանականների, Փարիզի շրջանի քաղաքապետերի և հարյուրավոր ֆրանսահայերի ու ֆրանսիացիների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր երթ դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն՝ տասնյակ պետական հաստատությունների, պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների անունից։  

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերին:

  • Կիսվել: