հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փարիզի փողոցներում աղբահանողների գործադուլի պատճառով տոննաներով աղբ է կուտակվել

Փարիզի փողոցներում աղբահանողների գործադուլի պատճառով տոննաներով աղբ է կուտակվել

Կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ աղբահանողների գործադուլի պատճառով Փարիզի փողոցներում տոննաներով աղբ է կուտակվել։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային գործադուլի մեկնարկի երկրորդ օրը Փարիզի աղբահանները դուրս չեն բերում մայրաքաղաքի բնակիչների աղբը։ Ամեն փողոցում կարելի է աղբով լցված կանաչ եւ դեղին աղբամաններ տեսնել։ Փարիզի բնակիչները աղբը տոպրակներով թողնում են աղբամանների կողքին, քանի որ դրանցում այլեւս ոչինչ չի տեղավորվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խոսքը երկու հազար տոննա թափոնների կուտակման մասին է։ Համապատասխան հոտը պարուրում է փարիզյան թաղամասերը՝ աղբահանության համար պատասխանատու աշխատողների գործադուլի պատճառով։

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում տեղի է ունեցել գրեթե 270 ցույց։ Ինչպես հայտնում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն, ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 1,2 մլն մարդ։ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հունվարի 10-ին ներկայացրել է օրինագիծ, որը կբարձրացնի երկրում կենսաթոշակային տարիքը եւ կվերացնի «հատուկ» ռեժիմները մի շարք բարդ մասնագիտությունների համար: Նրա խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից իշխանությունները կսկսեն երկրում կենսաթոշակային տարիքը բարձրացնել տարեկան երեք ամսով։ Այսպիսով, 2030 թվականին այն կհասնի 64 տարեկանի։ Բարեփոխումը բողոքի ալիք է առաջացրել ֆրանսիական հասարակության մեջ։ Երկու ամսում Ֆրանսիայում արդեն հինգ համազգային ցույց է տեղի ունեցել։ Առաջին երկուսը, որոնք անցկացվել են հունվարի 19-ին եւ 31-ին, հավաքել են ավելի քան մեկ միլիոն մասնակից ամբողջ երկրում:

 

  • Կիսվել: