շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պակիստանում երկրաշարժից զոհվել է 20 և տուժել է ավելի քան 300 մարդ

Պակիստանում երկրաշարժից զոհվել է 20 և տուժել է ավելի քան 300 մարդ

Պակիստանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է ավելի քան 300 մարդ: Հոկտեմբերի 7-ին այդ մասին հայտնել է Dawn թերթը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Քվետայում, Սիբիում, Փիշինում և Բելուջստանի նահանգի այլ քաղաքներում: Իշխանությունները զբաղվում են տարերային աղետի պատճառած վնասի գնահատմամբ: Հաղորդվում է, որ քանդվել են նահանգի վարչական շենքեր:

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհվածի մասին, տուժածների թիվը չէր ճշտվել:

Լույս հոկտեմբերի 7-ի գիշերը Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել է 5,7 մագնիտուդով երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել Պակիստանի տարածքում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քվետա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 733 հազար մարդ) 102 կիլոմետր դեպի հյուսիս - արևելք:

Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:

  • Կիսվել: