ՌԴ-ում ներգաղթյալների երեխաներին պարտավորեցրել են լքել երկիրը 18 տարին լրանալուց հետո կամ սեփական արտոնագիր ձևակերպել
Ռուսաստանի Պետական դուման երկրորդ և երրորդ ընթերցումներով ընդունել է օրենք, ըստ որի աշխատանքային ներգաղթյալների երեխաները չափահասության տարիքի հասնելուց հետո պետք է կա՛մ լքեն երկիրը, կա՛մ ձևակերպեն սեփական արտոնագիրը Ռուսաստանում հետագա գտնվելու և աշխատելու համար, հաղորդում է «Ведомости» -ն՝ հղում անելով խորհրդարանի ստորին պալատին:
Ըստ փաստաթղթի՝ օտարերկրացիների անչափահաս երեխաների, նրանց թվում՝ որդեգրված և խնամակալության տակ գտնվող երեխաների ժամանակավոր երկրում ապրելու ժամկետը երկարաձգվելու է նրանց ծնողի արտոնագրի գործողության ժամկետով: Սակայն 18 տարին լրանալուց հետո Ռուսաստանում գտնվելու այս հիմքը դադարում է գործել:
Չափահաս օտարերկրացին, որը չունի երկրում բնակվելու կամ գտնվելու այլ օրինական հիմքեր, պարտավոր կլինի 30 օրվա ընթացքում հեռանալ Ռուսաստանից: Միևնույն ժամանակ, նա կկարողանա դիմում ներկայացնել սեփական արտոնագիր ստանալու համար՝ վճարելով ֆիզիկական անձանց եկամտահարկի ֆիքսված կանխավճարը:
Օրենքը նախատեսում է նաև, որ ծնողի արտոնագիրը չերկարաձգելու կամ անվավեր ճանաչելու դեպքում նա և իր անչափահաս երեխաները պետք է լքեն Ռուսաստանը 15 օրվա ընթացքում:


