ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով. Աբաս

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ին` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով. Աբաս

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Պաղեստինի վարչակազմն առաջիկա օրերին մտադիր է դիմել ՄԱԿ` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունելու համար:

՛՛Պաղեստինյան վարչակազմը առաջիկա օրերին կդիմի ՄԱԿ և դրան կից մարմիններին, ներառյալ Անվտանգության խորհուրդ, որպեսզի պահանջի ՄԱԿ–ից` կազմակերպությունում լիիրավ անդամ դառնալու պահանջով բանաձև ընդունել՛՛,-հայտարարել է Աբասը։

Նրա խոսքով` բանաձևի տեքստում պետք է ընդգծվի, որ միակողմանի գործողությունները դադարեցվում են,և ամենից առաջ՝ վերաբնակեցման գործընթացն է դադարեցվում։
՛՛Պաղեստին պետությունն իրավունք է վերապահում և շարունակելու է դիմել դատարաններ և միջազգային կազմակերպություններ` մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար՛՛,- հավելել է Մահմուդ Աբասը։

Նշենք, որ Կահիրեում` Արաբական երկրների լիգայի գլխավոր գրասենյակում, անցկացվում է ՛՛Երուսաղեմյան համաժողով՛՛, որին բացի Պաղեստինի նախագահից՝ մասնակցում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ–Սիսին, Հորդանանին թագավոր Աբդալահ 2-րդը, ինչպես նաև արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեն հաստատել էր բանաձևի նախագիծը, որը վերնագրված է ՛՛Իսրայելի գործողությունները, որոնք վերաբերում են պաղեստինյան ժողովրդի մարդու իրավունքներին օկուպացված պաղեստինյան տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը՛՛։

2022 թվականի դեկտեմբերի վերջին բանաձևը, որը ՄԱԿ-ի միջազգային դատարանին կոչ է անում իրավական եզրակացություն տալ պաղեստինյան տարածքների օկուպացիայի հետևանքների վերաբերյալ, հավանության է արժանացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքում։

  • Կիսվել: