Որոշ բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի խնդրանքի վերաբերյալ. Իրան
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ որոշ բարեկամ երկրներից հաղորդագրություններ է ստացել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ խնդրանքի մասին:
Բաղային, մասնավորապես, ասել է. «Վերջին օրերին որոշ բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի խնդրանքի վերաբերյալ։ Այդ հաղորդագրություններին համապատասխան արձագանք է տրվել՝ համաձայն Իրանի սկզբունքային դիրքորոշումների։
Պատասխանները ներառում էին անհրաժեշտ նախազգուշացումներ Իրանի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման ծանր հետևանքների մասին։
Ընդգծվել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի վճռական, անհապաղ և արդյունավետ արձագանքին: Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Հորմուզի նեղուցի և պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ մնում է անփոփոխ»:
Բաղային հավելել է, որ Թեհրանը որևէ բանակցություն չի վարել Միացյալ Նահանգների հետ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում թշնամանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ:


