հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ինչու է «օտարերկրյա գործակալների» մասին «վրացական» օրենքը բողոքի ալիք բարձրացրել

Ինչու է «օտարերկրյա գործակալների» մասին «վրացական» օրենքը բողոքի ալիք բարձրացրել

Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որից հետո Թբիլիսիում ցույցեր սկսվեցին։ Ո՞րն է «օտարերկրյա գործակալների» մասին վրացական օրենքի էությունը, որի պատճառով բողոքի ակցիաներ են ընթանում։ 

Իշխող կուսակցությունը դիտարկում էր օրենքի երկու տարբերակ՝ «վրացական» և «ամերիկյան», որը հենց ԱՄՆ-ում նմանատիպ օրենքի կրկնօրինակումն է։ Արդյունքում՝ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «վրացական» տարբերակը։ 

Ի՞նչ է իրենից ենթադրում «վրացական» տարբերակը

Շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20%-ից ավելին ստացվի արտերկրից։ Նման կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, հակառակ դեպքում՝ կտուգանվեն։ Ամեն տարի նրանցից պահանջվելու է հաշվետվություն ներկայացնել իրենց ծախսերի մասին։ «Օտարերկրյա գործակալի» կարգավիճակ ունեցող իրավաբանական անձը, տվյալ դեպքում հավանականորեն ԶԼՄ-ն ու իրավապաշտպան կազմակերպությունը, կարող են ենթարկվել խիստ մշտադիտարկման, գուցե նաև պատժամիջոցների։ Իշխանությունը պնդում է, որ օրենքը միտված է թափանցիկությանը, մինչդեռ քաղհասարակությունը պնդում է, որ այն շատ լուրջ հարված է վրացական ժողովրդավարությանն ու քաղաքական, քաղաքացիական այլընտրանքին։ 

Ի՞նչ է իրենից ենթադրում «ամերիկյան» տարբերակը

«Ամերիկյան» տարբերակը (որը նման է 1938թ. ԱՄՆ-ում ընդունված FARA օրենքին) օտարերկրյա գործակալի կարգավիճակ է նախատեսում ոչ միայն օտարերկրյա ֆինանսավորմամբ շահույթ չհետապնդող իրավաբանական, այլև, ընդհանրապես, բոլորի, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար: Պահանջները չկատարելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Ընդդիմությունը քննադատել է ի սկզբանե առաջարկված «վրացական» տարբերակը՝ այն անվանելով «ռուսական» (պատրաստված, ինչպես Ռուսաստանում)։ Հետո իշխող կուսակցությունը ներկայացրել է «ամերիկյան» տարբերակը՝ ընդդիմությանը ցույց տալու համար, թե այն որքան կոշտ է։

Ի վերջո, առաջին ընթերցմամբ ընդունվեց ավելի մեղմ տարբերակը, որը, սակայն չկանխեց բողոքի ակցիաները։ Նմանատիպ օրենք գործում է նաև ՌԴ-ում, որտեղ այն օգտագործվում է հակառակ կարծիքի ճնշման նպատակով։ Թերևս այդ պատճառով է, որ ցուցարարները Վրաստանում անցկացվող օրենքը անվանում են հենց ռուսական օրենք` կառավարությանը մեղադրելով ռուսական շահերի սպասարկման մեջ։ 

ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտել են վրացական իշխանությունների այս քայլը` որակելով այն անընդունելի և անհամարժեք եվրոպական ինտեգրման քաղաքականությանը, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծաղրել է եվրոպական ու ամերիկյան արձագանքները։ 

  • Կիսվել: