ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Նեթանյահուն հույս է հայտնել, որ մոտ օրերս իսրայելցի պատանդները կազատվեն

Նեթանյահուն հույս է հայտնել, որ մոտ օրերս իսրայելցի պատանդները կազատվեն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի «մոտ օրերս» հայտարարել Գազայում պահվող պատանդների ազատման մասին: Այս մասին նա ասել է հեռուստատեսային հայտարարության ժամանակ, տեղեկացնում է BBC News-ը։

Վարչապետը, մասնավորապես, նշել է. «ՀԱՄԱՍ-ը կզինաթափվի, իսկ Գազան կապառազմականացվի՝ հեշտ կամ դժվար ճանապարհով, բայց դա կիրականացվի»։

Նշենք, որ ՀԱՄԱՍ-ն ուրբաթ օրը հրապարակել է հայտարարություն, համաձայն որի՝ պատրաստ է ազատել պատանդներին՝ ըստ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրի, սակայն չի նշել զինաթափման մասին և կոչ է արել բանակցել այլ հարցերի շուրջ։ Շաբաթ օրը խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է «զանգվածային սպանությունները»․ առավոտյան Գազայի ուղղությամբ ավիահարվածներ են իրականացվել, և կոչ է արել միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա։

Կողմերի միջև հրադադարի շուրջ անուղղակի բանակցությունները կսկսվեն Եգիպտոսում՝ երկուշաբթի օրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «չի հանդուրժի ՀԱՄԱՍ-ի կողմից գործարքի ձգձգումը»։

Ավելի ուշ նա գրել է, որ Իսրայելը «համաձայնել է դուրսբերման նախնական գծին», հավանաբար նկատի ունենալով ԱՄՆ-ի ծրագրի հետ հրապարակված իսրայելական զորքերի գուրսբերման տարբեր գծերը։

20 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 20 ողջ մնացած իսրայելցի պատանդների, ինչպես նաև զոհվածների մարմինների հանձնում՝ Գազայի հարյուրավոր ձերբակալված բնակիչների փոխարեն։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հրահանգ է ստացել «բարձրացնել պատրաստվածությունը՝ պատանդների ազատման Թրամփի ծրագրի առաջին փուլն իրականացնելու համար»։

  • Կիսվել: