ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ կարող է հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Կուրսկի շրջանում
Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ կարող է պաշտոնապես հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի զորքերի ներգրավվածությունը նշանավորում է հակամարտության «զգալի էսկալացիա» և «վտանգավոր ընդլայնում»:
Ռյուտեն ասել է, որ այժմ ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում ՆԱՏՕ-ի անդամների միջև պատասխան միջոցառումների վերաբերյալ, «այդ թվում՝ ուկրաինացի և հարավկորեացի գործընկերների հետ»։
Նշենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից մոտ 12 հազար զինվորական արդեն ժամանել է Ռուսաստան և նախատեսվում է նրանց ուղարկել Ուկրաինայի ռազմաճակատ։
Ըստ Կիևի տվյալների՝ այդ զինվորականների մի մասին կարող են տեղակայել Կուրսկի շրջանում, որտեղ ուկրաինական զինված ուժերը գործողություն են իրականացնում։