Հայաստանը սկսել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ չի դրել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Դուբլինում ընդունված՝ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին հռչակագրին չի միացել ՆԱՏՕ-ին վերաբերող ծավալուն հղումների պատճառով։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը սկսել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ չի դրել։
Պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը վարչապետին հարցրել է, թե ինչու Հայաստանը չի միացել նոյեմբերի 12-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթին։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ որոշման պատճառը բաց ներկայացրել է գործընկերներին։
«Մենք չենք միացել մի պատճառով․ ես թափանցիկ գործընկերներին ասել եմ՝ այնտեղ շատ մեծ ծավալով հղումներ կային ՆԱՏՕ-ին։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք, որ, այո՛, Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց ենք մեկնարկել, բայց մեր քաղաքականությունների մեջ չունենք որոշում, որ մենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու ենք կամ ընդհանրապես նման խնդիր ենք դրել»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ փաստաթղթի մյուս հատվածներում ընդունելի և ծանրակշիռ բովանդակություն է եղել։
Վարչապետի խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու և ռազմաքաղաքական դաշինքի մաս դառնալու հարցերը կառավարությունը տարբերակում է։
«Մենք ասել ենք՝ Եվրամիություն՝ այո՛, բայց ռազմաքաղաքական դաշինքի տրամաբանությամբ քաղաքականություն չենք որդեգրում։ Դա է եղել պատճառը, և ըմբռնումով են վերաբերվել»,- ասել է նա:



