չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
Նախիջևանը պետք է միանա Իրանին. իրանցի պատգամավորները պատասխանել են Ալիևին

Նախիջևանը պետք է միանա Իրանին. իրանցի պատգամավորները պատասխանել են Ալիևին

Իրանի խորհրդարանի պատգամավորներն արձագանքել են Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության IX գագաթնաժողովի շրջանակներում Իրանի թյուրքալեզու բնակչության մասին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հայտարարություններին։

Հիշեցնենք, Ալիևն ասել էր, որ իր երկիրը փորձում է այնպես անել, որ բոլոր նրանք, ովքեր դառը ճակատագրով բաժանվել են Ադրբեջանից, հավատարիմ մնան ադրբեջանական գաղափարին։ Խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը կարճ արձագանքեց՝ ասելով. «Թոռը չի կարող հերքել պապին, հետևաբար Ալիևի հայտարարություններն անհիմն են»։

Պատգամավոր Սեյյեդ Ալբորզ Հոսեյնին իր հերթին ասել է. «Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին կարդալ Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե որ շրջանն ինչից է առանձնացել։ Հարևան պետությունների տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները նրան պատիվ չեն բերում։ Եթե ​​Գյուլիստանի պայմանագիրը կյանքի չկոչվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի կազմում, և նա չէր կարող լինել այս երկրի նախագահը։ Արտաքին գործերի նախարարությունը և Մեջլիսը պետք է դիմադրեն նման հայտարարություններին, քանի որ տարածաշրջանն առավել քան երբևէ խաղաղության կարիք ունի»։

Մեկ այլ խորհրդարանական՝ Մոհամմադ Ռեզա Միրթաջեդդինին, Ալիևին մեղադրեց պատմություն չիմանալու մեջ և հիշեցրեց, որ հենց Ադրբեջանն է անջատվել Իրանից, և ոչ հակառակը։ «Հիշեք, ձեր հայտարարություններով խնդիրներ մի ստեղծեք մեր բարիդրացիության համար, որպեսզի կարիք չլինի դիմելու Մուհամեդ մարգարեի, կամ Իմամ Հոսեյնի բարեխոսությանը։ Իհարկե, միայն Աշուրայի ասույթները բավական է ձեզ պատասխանելու համար։ Եթե ​​վերամիավորման հարց կա, ապա Նախիջեւանը պետք է միանա Իրանին»,- ասել է պատգամավորը։

Պատգամավոր Ահմադի Բիգաշը նշել է, որ արտաքին գործերի նախարարության, կառավարության, Բաքվում Իրանի դեսպանի թուլության ու անգործության պատճառով Ադրբեջանի պաշտոնյաների զառանցանքն արդեն հատել է սահմանները։ «Որպես պատգամավոր՝ զգուշացնում եմ Իրան-Ադրբեջան հատվածի նախագահին, զերծ մնացեք պատրանքներից և երևակայության գիրկը ընկնելուց և մի ոգեշնչվեք արևմտյան դաշնակիցների և Իսրայելի աջակցությամբ։ Հարգելով Ադրբեջանի ժողովրդին, որը մենք համարում ենք մեր հավերժական գոյության մաս, ես զգուշացնում եմ որոշ պաշտոնյաների, հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ հրաժարվեն թելադրված խաղերից և իմանան, որ բոլոր ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ Իրանի գիրկը։ Դուք պետք է գերեզման տանեք Օսմանյան կայսրության և մեծ Անատոլիայի երազանքները»,- ասել է Բիգաշը։

  • Կիսվել: