կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Թեհրանը հետաքրքրված է Բաքվի հետ բարիդրացիական հարաբերություններով և ցանկանում է ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, տեղեկանում ենք Իրանի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Արաղչին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանի տարածքում հայտնվելու միջադեպը՝ ընդգծելով, որ դրանք Թեհրանը չի արձակել։

«Խոսելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում այսօր տեղի ունեցած պայթյունների մասին՝ Արաղչին հերքել է Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ որևէ արկի արձակումը և հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը հետաքննում են միջադեպը»,-նշված է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Աբբաս Արաղչին ափսոսանք է հայտնել առ այն, որ միջադեպի հետևանքով մարդիկ են տուժել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտնել է, որ Իրանի տարածքից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, չորս մարդ տուժել է:

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին իր հերթին հերքել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելու հետ կապված Թեհրանի մասնակցությունը:

  • Կիսվել: