երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ավելի քան 30 տարի ապրում է շրջափակման մեջ». տեղի ՀԿ-ները դիմել են միջազգային հանրությանը

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ավելի քան 30 տարի ապրում է շրջափակման մեջ». տեղի ՀԿ-ները դիմել են միջազգային հանրությանը

Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները դիմել են միջազգային հանրությանը, որպեսզի, ինչպես իրենք են նշել, տեղեկացնեն, թե ՛՛ավելի քան 30 տարի ապրում են շրջափակման մեջ՛՛:

ՀԿ-ների տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններս, դիմում ենք միջազգային հանրությանը, որպեսզի տեղեկացնենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ավելի քան 30 տարի ապրում է շրջափակման մեջ։ Նախիջևանի բնակչությունը շրջափակման պատճառով գրեթե 15 տարի առանց գազի էր, նույնիսկ էլեկտրականություն չկար։ Ադրբեջանի հիմնական մասից անցկացված էլեկտրահաղորդման գծերը կտրվել են Հայաստանի կողմից. Նախիջևանի և Բաքվի միջև հաղորդակցությունն իրականացվում էր երկաթուղով, որն ընդհատվեց 1992 թվականին՝ Մեղրիից վերջին գնացքի գնդակոծումից հետո՛՛:

Բացի այդ՝ կազմակերպությունները նաև նշել են, որ ՛՛միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել Նախիջևանի խաղաղ բնակչության խնդիրները լուծելու և շրջափակումը վերացնելու ուղղությամբ և որևէ ճնշում չի գործադրել Հայաստանի վրա այս հարցում՛՛:

՛՛Հայաստանը դեռևս պարբերաբար գնդակոծում է Նախիջևանի բնակչությանը, բնակավայրերը։ Եթե չլինեին ադրբեջանական ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևը և նրա արժանի իրավահաջորդ նախագահ Իլհամ Ալիևը, Նախիջևանը օկուպացված կլիներ Ղարաբաղի պես՛՛,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Հայաստանը ՛՛չի հետևում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներին, որևէ միջոց չի ձեռնարկում Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Այն պահին, երբ մենք սպասում ենք համաշխարհային հանրության կողմից Հայաստանի դեմ հետեւողական կոչերի ու պատժամիջոցների, տեղի է ունենում հակառակը՛՛:

  • Կիսվել: