ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը

Միշուստինը կոչ է արել ընդլայնել ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցությունը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներին հրավիրել է միանալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագրին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարևոր ենք համարում նաև ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության համագործակցության հետագա ընդլայնումը: Հաշվի առնելով մեր երկրների միջև սերտ կապերը՝ անհրաժեշտ է աշխատել Համագործակցության և Միության նորմատիվ-իրավական կարգավորման մերձեցման ուղղությամբ», - ընդգծել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։ 

«Միավորման արտաքին տնտեսական կապերի ամրապնդման համար ընդունվել է Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը: Այն բաց է բոլոր երկրների համար և թույլ է տալիս միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել բոլոր անդրսահմանային փոխադրումների համար շատ կարևոր անվտանգության մակարդակը: ԱՊՀ գործընկերներին հրավիրում եմ միանալ այդ մեխանիզմին», - կոչ է արել Ռուսաստանի վարչապետը։ 

Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, «հնգյակի» իր գործընկերների հետ միասին ստեղծում է պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ինչը լրացուցիչ առավելություններ է տալիս միության անդամ երկրների քաղաքացիներին և բիզնեսին:

«ԵԱՏՄ-ում մենք լուրջ նշանակություն ենք տալիս հենց արդյունաբերական կոոպերացմանը, մեր պետությունների ընկերությունների համատեղ նախագծերին տրամադրում ենք ֆինանսական աջակցություն միութենական բյուջեից՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով՝ նման հաստատված նախաձեռնությունների իրականացման համար», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Դուշանբեում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: