Միացյալ Նահանգներն Իրանում քրդական ընդդիմությանը զինելու ծրագրեր չունի. ԱՄՆ ռազմական նախարար
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ չի հաստատել լրատվամիջոցների հաղորդագրություններն Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողությանը մասնակցելու համար քրդական ընդդիմությանը զինելու ծրագրերի մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես պարզապես կասեմ, որ մեր նպատակները կապված չեն որևէ կոնկրետ խմբի աջակցելու կամ մատակարարելու հետ։ Մենք գիտենք, թե ինչ են անում մյուս կողմերը, բայց մեր առաջնահերթությունները այլ հարթությունում են»:
Նշենք, որ չորեքշաբթի CNN-ը, հղում անելով անանուն պաշտոնյայի, հաղորդել է, որ Իրանի քրդական ընդդիմադիր ուժերն առաջիկա օրերին կարող են մասնակցել Իրանի արևմուտքում ցամաքային գործողության։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԿՀՎ-ն, ենթադրաբար, աշխատում է քրդական ուժերին զինելու ուղղությամբ՝ Իրանում ժողովրդական ապստամբություն հրահրելու նպատակով։


