հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մի շարք երկրներ իրենց դիվանագետներին տարհանել են Սուդանից

Մի շարք երկրներ իրենց դիվանագետներին տարհանել են Սուդանից

Սուդանում մեկ շաբաթից ավելի շարունակվող բախումների պատճառով մի շարք երկրներ տարհանել են իրենց դիվանագետներին և քաղաքացիներին: Դիվանագիտական անձնակազմին Սուդանից դուրս բերելու մասին ապրիլի 23-ին հայտնել են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Նման գործողություններ են իրականացրել նաև Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և այլ երկրներ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

ԱՄՆ-ն գրեթե 100 մարդու տարհանել է երեք ուղղաթիռներով: Խարթումում ԱՄՆ դեսպանատունը փակ է: Դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ մասնավոր քաղաքացիներին տարհանելն առայժմ ապահով չէ:

Մեծ Բրիտանիային հաջողվել է օդանավով տարհանել բրիտանացի դիվանագետներին և նրանց ընտանիքներին: Ըստ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլևերլիի՝ երկրի մնացած քաղաքացիներին տարհանելու տարբերակները «խիստ սահմանափակ են»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքացիներով ինքնաթիռը Ջիբութի է ժամանել կիրակի օրը, ևս մեկ տարհանման գործողություն է իրականացվել այսօր՝ ապրիլի 24-ին: Ընդհանուր առմամբ, ըստ Ֆրանսիայի կառավարության, Սուդանից տարհանված մարդկանց թիվը 388 է: Ֆրանսիական ինքնաթիռում են եղել նաև Նիդերլանդների քաղաքացիներ:

 

Գերմանիայի բանակը հայտարարել է, որ երեք ինքնաթիռներից առաջինը Սուդանից մեկնել է Հորդանան՝ տանելով 101 մարդու: Իսկ Իսպանիայի ինքնաթիռում եղել են Արգենտինայի, Կոլումբիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Մեքսիկայի, Վենեսուելայի և Սուդանի քաղաքացիներ:

Ապրիլի 22-ին ևս մի շարք երկրներ, այդ թվում՝ Եգիպտոսը, Պակիստանը և Կանադան, տարհանել են իրենց քաղաքացիներին:

  • Կիսվել: