երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Մեծ Բրիտանիան մտադիր է 15 մլն ֆունտ ստեռլինգ բռնագանձել Ալիևի մերձավոր ադրբեջանցի պատգամավորի հաշիվներից

Մեծ Բրիտանիան մտադիր է 15 մլն ֆունտ ստեռլինգ բռնագանձել Ալիևի մերձավոր ադրբեջանցի պատգամավորի հաշիվներից

Միացյալ Թագավորության Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) մտադիր է ընդհանուր առմամբ 15 մլն ֆունտ ստեռլինգ (20,5 մլն ԱՄՆ դոլար)  բռնագանձել Ադրբեջանի ազդեցիկ քաղաքական գործիչ Ջավանշիր Ֆեյզիևի կնոջը (7.86 մլն), որդուն (6.4 մլն) և զարմիկին (մոտ 1 մլն) պատկանող բանկային հաշիվներից:

Ըստ գործակալության՝ գումարը լվացվել է դրամական փոխանցումների ընդարձակ համակարգի միջոցով, որը բացահայտվել էր Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կողմից 2017 թվականին:

Ո՛չ Ֆեյզիևին, ոչ էլ նրա ընտանիքի անդամներին որևէ մեղադրանք չի առաջադրվել, սակայն քաղաքացիական դատավարության ընթացքում NCA-ի փաստաբանը մանրամասն վերլուծություն է ներկայացրել՝ հիմնավորելով, որ փողի հոսքը տեղի է ունենում «Ադրբեջանական լվացքատան» միջոցով:

Գործակալության պնդմամբ՝ միջոցների աղբյուրը ապօրինի է, քանի որ դրանք Ադրբեջանից դուրս են բերվել մի քանի կեղծ ընկերությունների միջոցով՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր՝ դրանց ծագումը թաքցնելու համար:

NCA-ն հայտարարել է, որ առգրավման ենթակա միջոցները հիմնականում ստացվել են Ֆեյզիևի վերահսկողության տակ գտնվող բանկային հաշիվներից:

Ֆեյզիևը Ադրբեջանի խորհրդարանի անդամ է և համարվում է Իլհամ Ալիևի մտերիմը: Նա ներգրավված է նաև Եվրամիությունում ադրբեջանական լոբբինգում:

  • Կիսվել: