Մասկը խոստացել է մինչև նախագահական ընտրություններն ամեն օր 1 մլն դոլար «խաղարկել»
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խոստացել է մինչև նոյեմբերի 5-ն ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններն ամեն օր 1 մլն դոլար «խաղարկել» նրանց շրջանում, ովքեր կստորագրեն իր առցանց խնդրագիրը:
Ըստ Reuters-ի՝ առաջին միլիոնն արդեն հանձնվել է Ջոն Դրեհեր անունով տղամարդուն, որը նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի աջակիցն է: Նա ներկա է եղել Փենսիլվանիայում Մասկի կազմակերպած միջոցառմանը:
«Ի դեպ, Ջոնը գաղափար չուներ (գումարի մասին-Խմբ.)», - ասել է Tesla ընկերության հիմնադիրը՝ 1 մլն դոլարի չեկը հանձնելով Դրեհերին:
Խնդրագրում, որը Մասկն առաջարկում է ստորագրել, ասվում է. «Սահմանադրության 1-ին և 2-րդ ուղղումները երաշխավորում են խոսքի ազատությունը և զենք կրելու իրավունքը: Ստորագրելով ստորև՝ ես աջակցում եմ այդ ուղղումներին»:
Reuters-ը նկատում է, որ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Մասկն իր հարստությունն օգտագործում է գալիք ընտրություններում հանրապետական Թրամփի հաղթանակն ապահովելու համար: Ավելի վաղ նա դեմոկրատների թեկնածու Քամալա Հարրիսին անվանել էր «խամաճիկ»: