երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող  Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը

Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը

Բրիտանական The Guardian  պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել COP 29-ին ընդառաջ Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների, քաղբանտարկյալներ պահելու և Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մասին:

«Ադրբեջանը նոյեմբերին կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխությունների մասին» COP29 գագաթնաժողովը, որի ընթացքում մոտ 200 կառավարություններ, այդ թվում՝ տասնյակ պետությունների ղեկավարներ, պետք է մշակեն նոր գլոբալ մոտեցում՝ կլիմայական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ:

Ադրբեջանը՝ ավտորիտար պետություն, որտեղ սահմանափակված են լրատվամիջոցների և քաղաքացիական ազատությունները, համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» վարկանիշում այդ երկիրն անցած տարի զբաղեցրել է 154-րդ տեղը՝ 180 պետությունների շարքում: Երկրում փաստացիորեն գոյություն չունի արդյունավետ քաղաքական ընդդիմություն, իսկ նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին կայացած ընտրությունների արդյունքում հավաքել է քվեների ավելի քան 92 տոկոսը և հինգերորդ անգամ անընդմեջ ստանձնել է նախագահի պաշտոնը»,-գրում է պարբերականը:

Պարբերականը հղում է անում Human Rights Watch-ին, ըստ որի վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտել է լրագրողների և ակտիվիստների ձերբակալության կամ դատապարտման առնվազն 25 դեպք․ նրանցից գրեթե բոլորը շարունակում են մնալ կալանքի տակ։

«Ադրբեջանը մեղադրվում է նաև քաղբանտարկյալներ պահելու մեջ։ Հարևան Հայաստանի հետ անցյալ տարվա պատերազմը վիճելի տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի համար ավարտվեց նրանով, որ 100 հազար մարդ ստիպված էր լքելու իր տունը»,-գրում  է պարբերականը։

Նշվում է , որ Ալիևի գլխավոր խորհրդականներից մեկը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է COP 29-ը դարձնել «Խաղաղության Cop» և հորդորել էր հրադադար հայտարարել և բանակցությունների ամբողջ ընթացքում դադարեցնել ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում։

Պարբերականն անդրադառնում է նաև Բոննում COP 29-ի նախապատրաստական հանդիպման ընթացքում կազմակերպված բողոքի ակցիաներին:

«Ուրբաթ երեկոյան Բոննի բանակցությունների ժամանակ բողոքի ցույց է անցկացվել, որի մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող 23 հայ բանտարկյալներին։ Որոշ ցուցարարներ կառավարությանը մեղադրել են ցեղասպանության մեջ»,-նշում է պարբերականը։

The Guardian -ը մեջբերել է նաև Իբադ Բայրամովին, որը պահանջում է ազատ արձակել իր հորը՝ Գուբադ Իբադօղլուին՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտաշխատող և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ, որը բանտարկվել է Ալիևի ռեժիմի կողմից անցած ամառ և որի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է։ Իբադը պահանջում է հրատապ բժշկական օգնություն, որը, ինչպես ընտանիքն է ասում, հայրը չի ստանում: «COP 29-ը համաշխարհային ասպարեզում օրինականացնում է հորս ապօրինի բանտարկությանը: Մինչ նրա առողջական վիճակը ծայրահեղ կերպով վատթարացել է, արևմտյան կառավարությունները շարունակում են շաբաթը մեկ հանդիպումներ ունենալ ադրբեջանցի գործընկերների հետ COP 29-ի կապակցությամբ: Կլիմայի փոփոխության դեմ պայքարում հնարավոր չէ նշանակալի առաջընթացի հասնել մի երկրում, որտեղ իմ հոր նման մարդիկ բանտարկվում են և խոշտանգվում իրենց մտքերն արտահայտելու համար»,-ասել է Բայրամովը: 

Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, որն այժմ քարոզարշավ է իրականացնում կլիմայի և մարդու իրավունքների հարցերով, պարբերկանաին հայտնել է, որ ցանկանում է COP 29-ը օգտագործել որպես միջազգային հանրության համար հնարավորություն՝ խոսելու բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ինչի առնչությամբ նա լուրջ մտահոգություններ ունի. «Հուսով եմ, որ COP 29-ը կարող է օգտագործվել որպես սկիզբ: Բայց սարսափելի է, որ մարդու իրավունքները ներառված չեն եղել օրակարգում: COP 29-ից հետո Ադրբեջանում կատարվող իրադարձությունների վրա այլևս ուշադրություն չեն դարձնի»։

  • Կիսվել: