Մակրոնը հայտարարել է, որ իր և տիկնոջ միջև տեղի ունեցած միջադեպը դարձրել են «գեո-մոլորակային աղետ»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վիետնամում ինքնաթիռից իջնելուց առաջ կնոջ կողմից իր դեմքը հրելը պարզապես կատակ էր։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Մենք խենթություններ էինք անում և իսկապես կատակում կնոջս հետ։ Սա դարձրել են գեո-մոլորակային աղետ», - ասել է Մակրոնը։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան, երբ Մակրոնը ժամանել է Վիետնամ՝ մեկնարկելով իր շրջագայությունը Հարավարևելյան Ասիայում։ Տեսանյութում Բրիժիտ Մակրոնը հրում է ամուսնու դեմքը, նախքան նա կիջներ նախագահական ինքնաթիռից։ Բրիժիտ Մակրոնը որոշ ժամանակ չի երևում, այնուհետև զույգը միասին իջնում է ինքնաթիռի սանդուղքով։
Միջադեպի լայն քննարկումից հետո Ելիսեյան պալատից նույնպես հայտնել էին, որ ամուսինները կատակում էին, և որ դա «մտերմության պահ» էր։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վերջին շաբաթներին սա առաջին դեպքը չէ, երբ իր մասնակցությամբ տեսանյութերի բովանդակությունը խեղաթյուրվում է։ Ըստ Reuters-ի՝ Մակրոնը վկայակոչել է այն տեսանյութը, երբ Ուկրաինա այցի ժամանակ գնացքի սեղանից նա հեռացնում է սպիտակ առարկա։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել էին, թե դա կոկաին է։ Մակրոնը հայտարարել էր, որ դա անձեռոցիկ է։