չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՄԱԿ-ն առաջարկել է կրկնապատկել Ուկրաինային հատկացվող հումանիտար օգնությունը

ՄԱԿ-ն առաջարկել է կրկնապատկել Ուկրաինային հատկացվող հումանիտար օգնությունը

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը վերանայել է մարտի 1-ին հրապարակված օգնության ծրագիրը, որով նախատեսվում էր Ուկրաինայում հումանիտար ծրագրեր իրականացնելու նպատակով 3 ամիս շարունակ 1,1 միլիարդ դոլարի ֆինանսավորում հատկացնել։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը դոնոր երկրներին կոչ է արել նախկինում հայտարարված 1,1 միլիարդ դոլարի փոխարեն՝ 2,25 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ բնակչության կարիքները հոգալու նպատակով։

Գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ նախապես հայտարարված գումարն ավելի քան երկու անգամ մեծացնելու, ինչպես նաև մարդասիրական ծրագրի ժամկետը 3-ի փոխարեն՝ 6 ամսով երկարացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ 

«Ուկրաինայում մարդասիրական օգնության կարիք ունեցողների թիվը, նախկինում գնահատված 8,7 միլիոնի փոխարեն, այժմ 15,7 միլիոն է։ Խոսքը բնակչության աջակցության այնպիսի ծրագրերի մասին է, ինչպիսիք են կանխիկ գումարի տրամադրումը, պարենային օգնությունը, առաջին անհրաժեշտության ապրանքների, բնակության վայրի՝ ծածկի, տանիքի ապահովումը»,- ասել է պաշտոնյան։

  • Կիսվել: