Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով առնվազն 43 մարդ է զոհվել մեկ օրում. ԶԼՄ-ներ
Իսրայելի ռազմաօդային ուժերի լայնածավալ հարվածներից նոյեմբերի 10-ին Լիբանանում, ընդհանուր առմամբ, զոհվել է 43 մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Elnashra լրատվական հարթակի հաղորդած տվյալները։
Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող «Հեզբոլլահ» կազմավորման ենթադրյալ թիրախներին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Զոհերի մասին տեղեկություններ են ստացվել Հերմել Բաալբեկի նահանգի Բեդնայլ, Զեգրին, Սարին և Շաաս բնակավայրերից։
Եվս հինգ մարդ զոհվել է Սիրիայի հետ սահմանամերձ Էլ Քասր բնակավայրի վրա Իսրայելի հարձակման հետևանքով։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այս զոհերը «Հեզբոլլահ»-ի անդամներ են, թե խաղաղ բնակիչներ։
Լիբանանի հարավում երեք բուժաշխատող է զոհվել Ադլունում իսլամական փրկարար ծառայության շտապօգնության մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածից:
Օրվա առաջին կեսին Լիբանանի հյուսիսի Քեսերվան Ջբեյլի նահանգում իսրայելական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Ալմաթ գյուղին, որտեղ զոհվել է 23 մարդ. զոհերի մեծ մասը Բեքաայի հովտից փախած ընտանիքների անդամներ են, այդ թվում՝ երեխաներ և կանայք։
Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր Արտակարգ գործողությունների կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 9-ին Լիբանանի քաղաքների և բնակավայրերի ուղղությամբ իսրայելական օդային հարձակումների զոհերի թիվը կազմել է 53, ևս 99 մարդ վիրավորվել է։ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր երկրում ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է 3 189 և վիրավորվել 14 078 մարդ: