Լիբանանի վարչապետն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը Բեյրութում հավաքված ցուցարարներին ուղերձում ճգնաժամից դուրս գալու ելք է անվանել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, գրում է parstoday.com-ը;
«Կառավարության հաջորդ նիստին կներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը», - ասել է երկրի վարչապետը:
Վերջինս հավելել է, որ պայթյունի պատճառների հետաքննությունը չի ավարտվի, քանի դեռ չեն բացահայտվի «բոլոր մեղավորները»:
Հիշեցնենք, որ ներկա պահին Լիբանանի մայրաքաղաքում շարունակվում են բազմահազարանոց բողոքի ցույցերը, որոնց ընթացքում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով անվտանգության ուժերի աշխատակից է զոհվել: Ավելի քան 100 մարդ վիրավորվել է ցույցերի ընթացքում, որոնցից երեք տասնյակից ավելին հոսպիտալացվել են:
Ցուցարարներն իշխանություններից պատասխան են պահանջում օրեր առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունի պատճառով: Պայթյունի հետևանքով 158 մարդ է զոհվել, որոնց թվում 13 հայ: Ավելի քան 6000-ը վիրավորվել են, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:
Լիբանանի ՆԳՆ տվյալներով՝ պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: