Լիբանանի նախագահը հրամայել է բանակին պատասխանել Իսրայելի հարվածներին
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հրամայել է երկրի զինված ուժերին՝ միջոցներ ձեռնարկել հարավային Լիբանան «իսրայելական ցանկացած ներխուժման» դեմ։ Նա այդ հրամանը տվել է վերջերս Իսրայելի իրականացրած հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է համայնքային աշխատող, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ նախորդ օրը լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը ռմբակոծել է Լիբանանի հարավում գտնվող վարչական շենքերից մեկը և «սպանել է ներսում քնած աշխատակցի»՝ քաղաքապետարանի աշխատակից Իբրահիմ Սալամեին:
Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, ո՛չ հաստատել, ոչ հերքել է Սալամի սպանության մասին տեղեկությունը՝ հայտարարելով, որ գործողությունն ուղղված է եղել «ահաբեկչական թիրախների դեմ, որոնք քաղաքացիական օբյեկտներն օգտագործում են թաքնվելու համար»:
Աունն Իսրայելի պաշտպանության բանակի՝ վերջերս իրականացրած հարձակումն անվանել է «իսրայելական ագրեսիայի մի մաս»։ Լիբանանի բանակի գլխավոր հրամանատարի հետ հանդիպմանը նախագահն ընդգծել է երկրի ինքնիշխանության պաշտպանության և քաղաքացիների անվտանգության ապահովման կարևորությունը: Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նա հրամայել է բանակին «հետ մղել ազատագրված հարավային տարածքներ Իսրայելի ցանկացած ներխուժում՝ պաշտպանելով Լիբանանի տարածքը և նրա քաղաքացիների անվտանգությունը»։


