երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Լիբանանի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր

Լիբանանի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հազարավոր լիբանանցիներ Բեյրութից փորձում են հասնել Լիբանանի հարավում գտնվող իրենց բնակավայրերը: Երկրի գլխավոր ավտոճանապարհին մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող խցանում է առաջացել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Լիբանանի մայրաքաղաքից 35 կմ հարավ գտնվող Սայդա քաղաքի մուտքի մոտ ցերեկը երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել: Սայդայի բնակիչները դուրս են եկել աջակցելու հարավի բնակիչներին, որոնք, չնայած երկար և դժվարին ճանապարհին, նախընտրել են ոչ թե մնալ ժամանակավոր կացարաններում, այլ վերադառնալ իրենց տներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հեզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել:

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին:

  • Կիսվել: