շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լավրովի հայտարարությունը պառակտում է մտցրել ՌԴ-ԱՄՆ բանակցություններում․ Bloomberg

Լավրովի հայտարարությունը պառակտում է մտցրել ՌԴ-ԱՄՆ բանակցություններում․ Bloomberg

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունները, որոնցում հայտարարվում էր Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների «մերժման» մասին, եթե դրանք կառուցվեն «Ռուսաստանի մեկուսացման տրամաբանությամբ», «փաստացի տապալել են» Ռուսաստանի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ եվրոպացի պաշտոնյայի։

Ըստ աղբյուրի, այժմ Կրեմլը կարող է փորձել համոզել Սպիտակ տանը հրաժարվել անվտանգության երաշխիքներից և Ռուսաստանի ու Ուկրաինայի հանդիպման մակարդակը երկրների նախագահներից իջեցնել մինչև ավելի ցածր աստիճանի պաշտոնյաների մակարդակ՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից խուսափելու համար։

Մի քանի բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ և դիվանագետներ, որոնց հետ զրուցել է Bloomberg-ը, Լավրովի հայտարարությունները դիտարկում են որպես գործընթացը ձգձգելու փորձ և կասկածում են, որ Պուտինը պատրաստ է գործարքի։

Նախօրեին Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ալյասկայի գագաթնաժողովից հետո «եվրոպական երկրները Զելենսկու հետևից գնացին Վաշինգտոն» և այնտեղ փորձեցին «առաջ տանել իրենց օրակարգը», որի նպատակն է, «անվտանգության երաշխիքները կառուցել Ռուսաստանի մեկուսացման տրամաբանությամբ»։ «Իհարկե, դա մեզ մոտ չի կարող որևէ զգացում առաջացնել, բացի լիակատար մերժումից», - հավելել է նա։

Ըստ Լավրովի, Ռուսաստանը չի կարող համաձայնել, որ «հավաքական անվտանգության հարցերը» առաջարկվում է լուծել առանց իր մասնակցության։ Նա կրկին հիշեցրել է 2022 թվականի գարնանը Ստամբուլում կայացած բանակցությունների մասին և հայտարարել, որ Ռուսաստանն այն ժամանակ առաջարկված անվտանգության երաշխիքների հավաքական տրամադրման սկզբունքը համարում է «բացարձակապես բնական և այսօրվա համար արդիական»։ Այդ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունն առաջարկում էր համաձայնագրում կետ ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից անվտանգության երաշխիքների մշակման մասին, որի կազմում են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները դարձել են Սպիտակ տանը քննարկումների գլխավոր թեմաներից մեկը, որտեղ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին հանդիպել է Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ։ Հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ կտրամադրվեն տարբեր եվրոպական երկրների կողմից՝ ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, սակայն թե ինչ դեր կխաղա դրանում Ամերիկան, չի հստակեցրել։ Եվրոպական երկրներն իրենց հերթին քննարկում են Ուկրաինայում զորակազմ տեղակայելու հարցը, սակայն առայժմ այս հարցում նրանց միջև միասնություն չկա, թեև Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին։ Մոսկվան և նախկինում բազմիցս նշել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունը Ռուսաստանի համար «լիովին անընդունելի է»։

  • Կիսվել: