երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կրեմլը մեկնաբանել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների «արգելքը»

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների «արգելքը»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող հաստատել նախագահի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկատվությունը։ Այս մասին, ինչպես գրում է gazeta.ru-ն, նա ասել է լրագրողներին։

«Սմարթֆոնները չեն կարող օգտագործվել ծառայողական նպատակներով։ Ցանկացած սմարթֆոն թափանցիկ մեխանիզմ է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ սմարթֆոնները չեն կարող օգտագործվել բանակցությունների և պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աշխատակիցներին, որոնք ունեն iPhone հեռախոսներ, խորհուրդ է տրվում մինչև ապրիլի 1-ը դրանք փոխել այլ ապրանքանիշի և այլ օպերացիոն համակարգով սմարթֆոնների։ Այս հանձնարարականը նրանց տրվել է մարտի սկզբին Մոսկվայի մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ, «Կոմերսանտ»-ին հայտնել են միջոցառմանը ներկա մի քանի աղբյուրներ։

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի, որը տեղյակ է այս հանձնարարականի կատարմանը, հնարավոր է, որ Կրեմլը նոր սմարթֆոններ ձեռք բերի իր աշխատակիցների համար, որպեսզի հեշտացնի նրանց հրաժարումը ամերիկյան տեխնոլոգիաներից։

ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը լսել է, որ Apple-ի սարքավորումների օգտագործման արգելքը կտարածվի նաև նահանգապետարաններում ներքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաների վրա։ Փորձագետները կարծում են, որ նման միջոցառումները պրագմատիկ են, սակայն կարևոր է հավասարակշռություն հաստատել տեղեկատվական անվտանգության և աշխատակիցների արտադրողականության միջև:

  • Կիսվել: