շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոլորադոյում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կոլորադոյում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թ.-ի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին տեղեկանում ենք նահանգապետի տարածած հայտարարությունից:

Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. Կոլորադոյի նահանգային կապիտոլիումի այգում կա Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյում ավագ դպրոցն ավարտելիս պահանջվում է Ցեղասպանության վերաբերյալ ուսուցում անցնել:

«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգվում ենք, որ փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում կրկնելու Հայոց ցեղասպանությունը: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» ամբողջ աշխարհում՝ ցանկացած վայրում», - նշված է նահանգապետ Փոլիսի հայտարարությունում:

  • Կիսվել: