երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Կոբախիձեն բաց նամակով դիմել է Թրամփին՝ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հստակություն մտցնելու խնդրանքով

Կոբախիձեն բաց նամակով դիմել է Թրամփին՝ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հստակություն մտցնելու խնդրանքով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով հստակություն մտցնել վրաց-ամերիկյան հարաբերություններում։ 

Կոբախիձեի նամակը հրապարակել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։«Մի քանի շաբաթ առաջ Ձեզ ուղղեցի նամակ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ։ Այդ նամակին նախորդում էին իմ հրապարակային հայտարարությունները, որտեղ բացահայտ արտահայտում էի Վրաստանի պատրաստակամությունը՝ զրոյից, հստակ ուղեցույցով վերականգնելու ռազմավարական գործընկերությունը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։

Սակայն մինչ այժմ մեր նամակին և հրապարակային հայտարարություններին պատասխան չենք ստացել։ Ավելին, մինչ այս պահը պետական ամենաբարձր մակարդակով Վրաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել», - գրել է Իրակլի Կոբախիձեն։Նա հավելել է, որ այս լռությունը զարմանք է առաջացնում «ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի իշխանության համար»։«Վրաստանը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերը մեր չափազանց բարդ տարածաշրջանում, որն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար։ Վրաստանը ամուր կանգնած էր ԱՄՆ-ի կողքին ամենաթեժ կետերում՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեր փոքր երկիրը մեկ շնչի հաշվով ամենաշատ զինվորականներով էր ներկայացված», - գրել է նա։

Վրաստանի վարչապետի պնդմամբ՝ միջազգային վարկանիշային աղյուսակների համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մեդիայի ազատության, դատական իշխանության անկախության, պետական ինստիտուտների ուժեղության, կոռուպցիայի ցածր մակարդակի և այլ կարևոր չափանիշների առումով։ «Այս ամենը հաշվի առնելով, և այն ֆոնին, երբ դուք ակտիվ երկխոսություն և կապեր եք պահպանում բազմաթիվ (նույնիսկ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար) երկրների հետ, Վրաստանի ուղղությամբ Ձեր լռությանը տրամաբանական բացատրություն մեզ համար չկա», - գրել է Կոբախիձեն։

  • Կիսվել: