հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԽՍՀՄ փլուզման համար պատասխանատուներին փնտրելն անիմաստ է. Պուտին

ԽՍՀՄ փլուզման համար պատասխանատուներին փնտրելն անիմաստ է. Պուտին

ԽՍՀՄ փլուզման համար պատասխանատուներին փնտրելն անիմաստ է, քանի որ համակարգն ինքնին անկենսունակ էր: Այս մասին India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը,  տեղեկացնում է Կոմերսանտը:

Պատասխանելով Խորհրդային Միության փլուզման պատճառների մասին հարցին՝ նա նշել է. «Ես մեղավորներ, ավելի կամ պակաս մեղավորների չէի փնտրի։ Ընդհանուր առմամբ, համակարգն անկենսունակ էր։ Մենք պետք է ընդունենք դա և խորհենք դրա շուրջ: ԽՍՀՄ վերականգնման մասին խոսք անգամ լինել չի կարող, դա անիմաստ է»:

Պուտինը նաև ընդգծել է, որ կարևոր է ոչ թե կոնկրետ մեղավորներ փնտրել, այլ կենտրոնանալ նոր համակարգ ստեղծելու վրա, որն ի վիճակի կլինի ոչ միայն ինքն իրեն պաշտպանել, այլև զարգանալ։ Նա կարծիք է հայտնել, որ նման համակարգը պետք է ինքնաբավ, ինքնավար և արդյունավետ լինի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԽՍՀՄ փլուզումը կապված է երկրի այն ժամանակվա ղեկավարության դիրքորոշման հետ։ ՌԴ նախագահի բնորոշմամբ՝ իշխանությունները ձգտում էին խուսափել արևմտյան երկրների հետ «գաղափարական առճակատումից»։

  • Կիսվել: