կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ զորքերի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ ավարտվել է, կորուստներ չկան. ՌԴ ՊՆ

ՌԴ զորքերի տեղափոխումը Դնեպրի ձախ ափ ավարտվել է, կորուստներ չկան. ՌԴ ՊՆ

 Խերսոնի ուղղությամբ Դնեպրի ձախ ափ ռուսական զորքերի տեղափոխման ժամանակ կորուստներ չեն եղել, տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ զորքերի խմբավորման ձախ ափ տեղափոխումն ավարտվել է այսօր՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05։00-ին։ Բոլոր քաղաքացիական անձանց, որոնք ուզեցել են լքել Խերսոնի շրջանի աջ ափը, տարհանման համար օգնություն է ցուցաբերվել: Ռազմական տեխնիկայի և սպառազինության ոչ մի միավոր աջ ափին չի մնացել, փոխադրված ռուսական ուժերը զբաղեցրել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական սահմաններն ու դիրքերը։
 
Գերատեսչությունից հայտնել են, որ հակառակորդը գիշերը փորձել է խափանել խաղաղ բնակիչների փոխադրումն ու զորքերի տեղափոխումը ձախ ափ։ Ուկրաինացի զինվորականները անցումներին 5 հարված են հասցրել HIMARS ռեակտիվ արկերով, ռուսական ՀՕՊ-ը խոցել է 28 արկ, ևս 5-ը շեղվել են թիրախներից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Անցած երկու օրվա ընթացքում Խերսոնի շրջանի առանձին հատվածներում Ուկրաինայի զորքերի առաջխաղացումը կազմել է ոչ ավելի, քան 10 կմ:
 
«Կրասնոլիմանյան ուղղությամբ ռուսական զորքերի ստորաբաժանումների ակտիվ գործողություններով և հրետանու կանխարգելիչ կրակով խափանվել է Լեհաստանի վարձկաններով ուժեղացված Ուկրաինայի զինված ուժերի երկու մոտոհրաձգային վաշտի հարձակումը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Չերվոնոպոպովկա և Պլոշչանկա բնակավայրերի ուղղությամբ։ Հակառակորդի կորուստները կազմել են մինչև իննսուն սպանված և վիրավոր ուկրաինացի զինծառայողներ և վարձկաններ, մեկ մարտական զրահապատ մեքենա», - ավելացրել են ՊՆ-ից։
 
Հաղորդվում է, որ «Լանցետ» զինամթերքով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կրակով մեկ օրում ոչնչացվել է ամերիկյան 3 քարշակվող M777 հաուբից, ականապատ պատնեշների վրա պայթել է ավելի քան 20 ուկրաինացի զինվոր, 2 տանկ, 2 ինքնագնաց հրետանային կայանք և 3 մարտական զրահամեքենա։

  • Կիսվել: