հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խարթումում դեսպանություն են տեղափոխել ՌԴ գրեթե բոլոր քաղաքացիներին

Խարթումում դեսպանություն են տեղափոխել ՌԴ գրեթե բոլոր քաղաքացիներին

Գրեթե բոլոր ռուսաստանցիները, որոնք եղել են Սուդանի մայրաքաղաք Խարթումի մարտական գործողությունների գոտում, տեղափոխվել են  Ռուսաստանի դեսպանություն։ Վտանգավոր իրավիճակում է գտնվում միայն մի կին՝ երեխայի հետ, Նուբիայի թեմական շենքում։ Շուրջ 140 մարդ դեսպանությանը դիմել է երկրից տարհանվելու հարցով, հաղորդում է «Կոմերսանտը»։

Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև բախումների սկզբում ռուսաստանցիները գտնվել են վեց-յոթ «թեժ կետերում»,- ասել է դեսպան Անդրեյ Չեռնովոլը։ Նա նշել է, որ  «մարտական գործողությունները սկսվել են միաժամանակ, ամենուրեք և բավականին ակտիվ»։ «Բարեբախտաբար, մեզ հաջողվեց մարդկանց այնտեղից հանել, բացի Նուբիայի թեմական շենքում մնացած ռուսաստանցի կնոջ՝ իր երեխայի հետ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին է ասել դեսպանը։

Կինն ու երեխան համարյա մի շաբաթ շրջափակված են Նուբիայի թեմական շենքում։ Նրանք,  այդտեղ հայտնված մյուս մարդկանց պես, չեն կարողանում դուրս գալ հրաձգության պատճառով։  Ռուսաստանցի դիվանագետի տեղեկացմամբ, դեսպանությունը մի քանի տասնյակ փորձեր է արել նրանց դուրս բերելու համար։ «Ցավոք, այդ եկեղեցին գտնվում է հենց շփման գծի վրա, ուստի նրանց ողջ-առողջ այնտեղից հանելու երաշխիք չկա, իսկ մենք չենք ուզում ռիսկի դիմել»,- ավելացրել է դեսպան Չեռնովոլը։

Շփման գծից հեռու ավելի անվտանգ վայրերում գտնվող ռուսաստանցիներին խորհուրդ են տվել դուրս չգալ տներից, և նրանք հետևում են այդ խորհրդին։

Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի միջև զինված դիմակայությունը սկսվել է անցած շաբաթ։ Պատճառը եղել է զինված ուժերում հատուկ ջոկատայիններին ինտեգրելու ծրագիրը։ Բախումներում ավելի քան 400 մարդ է զոհվել, 3,5 հազարից ավելին տուժել են։ Կողմերը   զինադադարի մասին պայմանավորվելու փորձեր են արել, սակայն դրանք բոլորը խախտվել են։

  • Կիսվել: