Կասպից ծովի երկրների ռազմածովային նավատորմերը համապարփակ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել
Կասպից ծովի երկրների ռազմածովային նավատորմերը ստորագրել են Կասպից ծովում համապարփակ ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Ղազախստանի ռազմածովային հրամանատարների միջև։
Կողմերն այդ փաստաթղթով համաձայնում են ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ Կասպից ծովում կայուն անվտանգություն ապահովելու համար։
Նշվում է, որ տարածաշրջանից դուրս գտնվող ոչ մի երկրի կամ ուժի թույլ չի տրվի միջամտել Կասպից ծովի ներքին գործերին։ Անվտանգությունը և Կասպից ծովին վերաբերող բոլոր հարցերի լուծումը կապահովվեն բացառապես Կասպից ծովի ափամերձ պետությունների որոշումների հիման վրա։
Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՌԴ-ն Իրանին, Ղազախստանին և Ադրբեջանին առաջարկել է Կասպից ծովի երկրների միջև համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել: 2026 թվականի համար առաջարկվող զորավարժությունների նպատակը կլինի նավագնացության և ծովային տնտեսական օբյեկտների անվտանգության ապահովման մշակումը:


