կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կամչատկայում մոտ 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ Տեսանյութեր

Կամչատկայում մոտ 8,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ Տեսանյութեր

Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել մինչև 8.7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր:  Այս մասին փոխանցում է kommersant.ru-ն։

Կուրիլյան բոլոր կղզիների համար հայտարարվել է ցունամիի սպառնալիք։

Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ հարավ-արևելք և Հյուսիս-Կուրիլսկից 360,9 կմ հյուսիս-արևելք: Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։

Նշվում է, որ ուժեղ հետցնցումները կշարունակվեն առնվազն մեկ ամիս:  Կամչատկայի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժածներ կան, բայց բոլորը գտնվում են բավարար վիճակում և առանց ծանր վնասվածքների։

Փլուզվել են մի քանի հաստատություններ։

Կամչատկայի երկրամասի կառավարությունը կրճատել է պետական ​​մարմինների աշխատանքային օրը մինչև ժամը 13:00։

Ցունամիի վտանգ է հայտարարվել նաև Ճապոնիայում։ Երկրի կառավարությունը կոչ է արել որոշ շրջանների բնակիչներին տարհանվել։

ԱՄՆ-ում նախազգուշացում է հայտարարվել Հավայան կղզիներում ցունամիի մասին, ինչպես նաև վերահսկողության ռեժիմ՝ Ալյասկայում և Խաղաղ օվկիանոսի ափին:

  • Կիսվել: