Կամչատկայում գրեթե 600 տարվա մեջ առաջին անգամ ժայթքել է Կրաշենիննիկովի հրաբուխը
Կամչատկայում սկսվել է Կրաշենիննիկովի հրաբխի ժայթքումը, որն առաջինն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
Ըստ Ռուսաստանի ԱԻՆ-ի, պայթյունները մոխիր են արտանետում մինչև վեց կիլոմետր բարձրության վրա, ինչը ավելի քան երեք անգամ գերազանցում է հենց հրաբխի բարձրությունը, գրում է «Холод»-ը։
«Մոխրի շլեյֆը տարածվել է հրաբխից արևելյան ուղղությամբ՝ դեպի Խաղաղ օվկիանոս։ Մոխրի շլեյֆի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան։ Բնակավայրերում մոխրի տեղումներ չեն գրանցվել։ Հրաբխի շրջանում գրանցված զբոսաշրջային խմբեր չկան», - հայտնել են գերատեսչությունից։
Հրաբխին տրվել է ավիացիոն վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Սա նշանակում է, որ ժայթքումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել ավիաթռիչքների համար՝ մթնոլորտ մոխրի արտանետումների պատճառով։
Ռուսաստանի ԱԻՆ-ը հորդորում է ձեռնպահ մնալ ժայթքման շրջան այցելելուց և հրաժարվել վերելքներից։
Կրաշենիննիկովի հրաբուխը գտնվում է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա՝ Կրոնոցկի ծոցի շրջանում։ Մոտակայքում է գտնվում տարածաշրջանի գլխավոր բնական տեսարժան վայրերից մեկը՝ Գեյզերների հովիտը։
Հրաբխային ժայթքումների արձագանքման կամչատկյան խմբի ղեկավար Օլգա Գիրինան РИА «Новости»-ին հայտնել է, որ Կրաշենիննիկովի հրաբխի ժայթքումն առաջինն է վերջին գրեթե 600 տարվա ընթացքում։
Ըստ նրա, լանջին այժմ նկատվում է ճաք, և ձևավորվում է լավային գմբեթ, որն ուղեկցվում է հզոր գոլորշագազային ակտիվությամբ։ Հյուսիսային խառնարանի վրա խիտ մոխրի սյուն է կանգնած, իսկ մոխրի շլեյֆը ձգվում է արևելյան ուղղությամբ, հավելել է Գիրինան։
Նա ընդգծել է, որ ժայթքումը, հնարավոր է, կապված է հուլիսի վերջին տեղի ունեցած 8,8 մագնիտուդ ուժեղ երկրաշարժի հետ։


