Կամչատկայում երկրաշարժից հետո ժայթքել է Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը
Կամչատկայում ժայթքել է Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը՝ 8,8 մագնիտուդ երկրաշարժից հետո, որը դարձել է ամենահզորը 1952 թվականից ի վեր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Այս պահին Կլյուչևսկայա հրաբխի ժայթքում է տեղի ունենում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, գիտնականներն արձանագրել են լավայի իջնելը արևմտյան լանջի երկայնքով։ Այս պահին հրաբխի վերևում նկատվում են պայթյուններ և պայծառ փայլ։
Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը Եվրասիայի ամենաբարձր ակտիվ հրաբուխն է։ Հրաբուխը գտնվում է Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի բնակավայրից 30 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է մոտ 4500 մարդ։
Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի մերձակայքում հզոր երկրաշարժից հետո ցունամիի չորս ալիք է հասել Պարամուշիր կղզի, որտեղ գտնվում է Սևերո-Կուրիլսկը։ Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը և ձկնարդյունաբերական օբյեկտները հեղեղվել են, ալիքները փոքր նավեր են դուրս բերել ծով, մի քանիսն էլ ափ են նետվել։ Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը նավեր ընդունելու և ուղարկելու համար փակ է մինչև ցունամիի հետևանքների ուսումնասիրությունը։


