Իտալիայի պաշտպանության նախարարը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անհրաժեշտությունը
Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կասկածի տակ է դրել դաշինքի սկզբունքային անհրաժեշտությունը, հաղորդում է dpa-ն: «ՆԱՏՕ-ն այլևս իրավունք չունի գոյատևելու», - ասել է Կրոսետտոն Պադուայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ «ժամանակները փոխվել են»:
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն այլևս աշխարհի կենտրոնը չեն: ՆԱՏՕ-ն պետք է հարմարվի փոփոխված պայմաններին», - համոզված է իտալացի նախարարը՝ կոչ անելով ՆԱՏՕ-ին համագործակցել համաշխարհային Հարավի հետ՝ շարունակելու ապահովել խաղաղություն և փոխադարձ պաշտպանություն, հաղորդում է DW-ն:
Խոսելով Եվրամիության դերի մասին՝ Կրոսետտոն ասել է, որ Եվրոպայի դերը նվազում է: «Մենք հաճախ խոսում ենք այնպես, կարծես դեռ ապրում ենք 30 տարի առաջ: Բայց ամեն ինչ փոխվել է: Մենք խոսում ենք Եվրոպայի մասին այնպես, կարծես այն ինչ-որ բան նշանակում է: Գուցե այն մի ժամանակ ինչ-որ բան նշանակեր, եթե իրեն քաղաքական դեր տար, որն այդպես էլ չստացավ: Եթե ունենար արտաքին քաղաքականություն կամ պաշտպանություն: Բայց նրա ժամանակն անցել է», - ասել է իտալացի նախարարը: