չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իտալիայի նախագահն այս անգամ ընդունել է վարչապետի հրաժարականի դիմումը

Իտալիայի նախագահն այս անգամ ընդունել է վարչապետի հրաժարականի դիմումը

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կրկին կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել։ Երկրի նախագահն այս անգամ ընդունել է վարչապետի հրաժարականի երկրորդ դիմումը, հայտնում են Իտալիայի նախագահի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Քվիրինալյան պալատից, մասնավորապես, հայտնել են. ՛՛Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այսօր առավոտյան Քվիրինալյան պալատում ընդունել է Նախարարների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մարիո Դրագիին, ով երեկ Սենատում կայացած քննարկման և քվեարկության մասին հաղորդագրությունից հետո կրկին հայտարարել է իր և իր գլխավորած կառավարության հրաժարականի մասին։ Հանրապետության նախագահն ի գիտություն է ընդունել դա: Կառավարությունը շարունակում է գործել ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին առաջին անգամ հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդ շաբաթ, սակայն նախագահ Սերջիո Մատարելլան չէր ընդունել այն՝ Դրագիին հրավիրելով ելույթ ունենալ խորհրդարանում՝ գնահատելու Հանրապետության Սենատում կայացած հանդիպման արդյունքներից բխող իրավիճակը։

  • Կիսվել: