ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելը մտադիր է ուժեղացնել հարձակումները «Հեզբոլլահի» դեմ հարավային Լիբանանում

Իսրայելը մտադիր է ուժեղացնել հարձակումները «Հեզբոլլահի» դեմ հարավային Լիբանանում

Եթե Լիբանանի կառավարությունը չզինաթափի «Հեզբոլլահ» խմբավորմանը, ապա Իսրայելը կուժեղացնի հարձակումները շիա շարժման դեմ հարավային Լիբանանում՝ չնայած երկու երկրների միջև կնքված հրադադարի համաձայնագրին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա զգուշացրել է, որ «Հեզբոլլահը» ձգտում է վերազինվել, և Իսրայելը կգործի «ինքնապաշտպանության» նպատակով։

Ըստ Նեթանյահուի՝ նման գործողությունները համապատասխանում են «հրադադարի պայմաններին»։ Նա ընդգծել է, որ Իսրայելը հաշվետու է Միացյալ Նահանգներին, բայց «թույլտվություն չի խնդրում», քանի որ «պատասխանատու է սեփական անվտանգության համար»։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Լիբանանի կառավարության պարտավորությունը՝ զինաթափել «Հըզբոլլահին» և այն վտարել հարավային Լիբանանից, պետք է լիովին իրականացվի»:

Նա հավելել է, որ խմբավորումը «կրակի հետ է խաղում»։

Նշենք, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ Իսրայելի և լիբանանյան շիա շարժման միջև հրադադար է հաստատվել անցյալ տարվա նոյեմբերին: Այնուամենայնիվ, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին՝ հայտարարելով, որ իր թիրախը «Հըզբոլլահի» զինյալներն ու օբյեկտներն են:

Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, նաև շարունակում է ռազմավարական կետեր գրավել սահմանի լիբանանյան կողմում։

  • Կիսվել: