երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի. Նեթանյահու

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի, մինչև չհաղթի: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները 2 տարբերակ ունեն՝ կա՛մ հանձնվել, կա՛մ զոհվել։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ Իսրայելի նպատակներից է նաև ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին:

ՀԱՄԱՍ-ը ևս չի պատրաստվում կանգ առնել: Շարժումը հայտարարում է՝ չեն ազատի պատանդներին, եթե ՑԱՀԱԼ-ը չդադարեցնի Գազայի հատվածին հարվածները: ԶԼՄ-ները գրում են, որ ՀԱՄԱՍ-ը նաև մերժել է մեկշաբաթյա հրադադարի հաստատման Իսրայելի առաջարկը՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց։ Նշվում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են, շարժումը ցանկանում է, որ Իսրայելն ավելի լուրջ զիջումների գնա:

Բախումները շարունակվում են: Իսրայելական կողմը հայտնում է Գազայում ՀԱՄԱՍ-ի՝ վերգետնյա և ստորգետնյա ենթակառուցվածքով «էլիտար թաղամասի» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ թաղամասում տեղակայված է եղել արմատական կազմակերպության ռազմական և վարչական ղեկավարությունը։ Իսրայելը զորաշարժեր է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին, հաղորդվում է զոհերի մասին:

Փոխադարձ հարվածների մասին են հայտնում ՑԱՀԱԼ-ը և Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահը»: ՑԱՀԱԼ-ը հայտնել է նաև Սիրիայի տարածքի ուղղությամբ պատասխան հարվածների մասին:

Իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի զոհերի թիվն ավելանում է: Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 20 հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 հազար երեխա, 6 հազարից ավելի մարդ անհետ կորած է համարվում։ Վիրավորների թիվը հատում է 52 500-ը: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին: Իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասնում է 469-ի:

  • Կիսվել: